ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞վ է շահագրգիռ նոր պետությունների ճանաչման հարցում

Ո՞վ է շահագրգիռ նոր պետությունների ճանաչման հարցում
03.10.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Առնվազն 7 տարի է, ինչ ԱՄՆ-ում մշակվում են որոշակի մոտեցումներ տարածքային հակամարտությունների և չվերահսկվող տարածքների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Այդ մշակումների գործընթացին մասնակցել են, հարաբերական առումով, սահմանափակ թվով փորձագետներ և քաղաքական ծրագրավորողներ, որովհետև այդ հետազոտություններն անցկացվել են թեկուզ ոչ ամբողջությամբ փակ, բայց այնուհանդերձ՝ ոչ հրապարակային ռեժիմով։ Կան բավարար ցուցանիշներ այն իրողության, որ ԱՄՆ-ում արդեն ձևավորված են այդ հարցերի հիմնական մոտեցումները՝ որոշակի դոկտրին ընդունելու համար։ Այդ «դոկտրինը» հիմնված է լինելու ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական տեխնոլոգիաների սկզբունքների վրա և ներառում է այնպիսի լուծումներ, որոնք ենթակայացված են խնդրահարույց տարածաշրջաններում նոր քաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններին։ ԱՄՆ-ը վճռական է և պատրաստ առաջիկա տասնամյակի ընթացքում լուծելու հիմնական խնդիրները՝ կապված հրթիռային ոլորտի և նոր տիպի զենքերի ստեղծման հետ։ Իսկ դա հանդիսանում է նրա արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ նոր գլոբալ անվտանգության համակարգի ստեղծման համատեքստում։ Այս խնդրի լուծումից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն ու հիմնական էությունը կդառնա տարածաշրջանային նոր քաղաքականությունը՝ նոր աշխարհաքաղաքական կառուցվածքներ ձևավորելու ուղղությամբ, որոնք պիտի նպաստեն գլոբալ անվտանգության համակարգի ձևավորմանը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգությանը։ Եվ այդ կապակցությամբ Միացյալ Նահանգներում չեն կարող չգիտակցել, որ տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը օրինական ճանապարհով նոր պետությունների ձևավորումն է։ Բրիտանացիների հիմնած աշխարհաքաղաքական կառուցվածքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գնալով ավելի է վերածվում ամերիկյան ազդեցության հաստատման լուրջ խոչընդոտի, որն իր նշանակությամբ խորհրդային աշխարհաքաղաքական համակարգից հետո երկրորդ մեծ հիմնախնդիրն է ԱՄՆ-ի գերիշխանության հաստատման համար։
Բազմիցս ներկայացվել են ԱՄՆ-ի մոտեցումները, օրինակ, Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ։ Ավելին, այդ մոտեցումն ամերիկացիները կարողացան փաթաթել Եվրամիության վզին, ինչն իրականում ամբողջությամբ համապատասխանում է Վաշինգտոնի մտադրություններին երկարաժամկետ կտրվածքով։ Իսկ դա նշանակում է, որ համանման որոշումներ չեն կարող ընդունվել այլ հակամարտությունների և չվերահսկվող տարածքների վերաբերյալ, եթե այդտեղ քաղաքական պայմանները չեն համապատասխանում Կոսովոյում ստեղծված իրավիճակին։ Իսկ Կոսովոյում առկա իրավիճակի բնորոշ առանձնահատկությունները հետևյալն էին.
1. Քաղաքական և զինված հակամարտության առկայություն, որի ընթացքում միջազգային հանրությունը համոզվեց ցեղասպանական գործողությունների և բնակչության տեղահանության վտանգի, կենսագործունեության պայմանների ոչնչացման հնարավորության մեջ, երբ առկա էր ազգամիջյան և միջկրոնական հակադրություն, որը կարող էր հանգեցնել վերոնշյալ հետևանքներին։
2. Մեկ կամ մի քանի սուբյեկտների առկայություն էթնիկ հակամարտության պայմաններում, որոնք ունեն քաղաքական հավակնություններ և անջատական ձգտումներ։
3. Հակամարտության մարման նախաձեռնում միջազգային ինստիտուցիոնալ միջամտության ձևով՝ առաջատար միջազգային կազմակերպությունների և մեծ ժողովրդավարական պետությունների մասնակցությամբ։
4. Լայնամասշտաբ խաղաղապահ գործողության կամ ռազմական օպերացիայի անցկացում տարածաշրջանի և հակամարտող կողմերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժողովրդավարական պետությունների մասնակցությամբ և միջազգային կազմակերպությունների որոշումների հիման վրա։
5. Տարածաշրջանում նախկին քաղաքական համակարգի ամբողջական ապամոնտաժում, ժողովրդավարական հասարակության ձևավորմանն ուղղված պայմանների ստեղծում, որն արտահայտված է ամենից առաջ ընտրովի ներկայացուցչական և գործադիր իշխանությունների ձևավորմամբ՝ ժողովրդավարական հանրությանը բնորոշ սկզբունքների և պահանջների հիման վրա, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ։
6. Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների ապահովում։
7. Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերի համակարգում և համատեղ կայացված որոշումների առկայություն։
Այսպիսով՝ բազմաթիվ համադրվող պայմանների առկայության պարագայում, այնուհանդերձ, գլխավոր հանգամանքը Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական և քաղաքական վերահսկողությունն է հակամարտության օջախ հանդիսացող տարածքում, և այդ ամենը, իհարկե, իրագործվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ռազմական ներկայությունը և քաղաքական պատասխանատվությունը միջազգային հանրության կողմից կայացվող օրինական որոշումների շրջանակում, անկասկած, հանգեցնելու են ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանն այն տարածաշրջաններում, ուր արդեն իսկ առկա է նոր պետությունների ձևավորման գործընթացը։ Այսինքն՝ կիրառվում է այդ գործընթացի անկախացման որոշակի սխեմա և համապատասխան տեխնոլոգիա։ Անկասկած է, որ այդ անկախացման գործընթացը շատ կողմերով լինելու է ընտրովի` պայմանավորված ԱՄՆ-ի և նրա գործընկեր պետությունների տվյալ տարածաշրջանում ունեցած շահերով։ Առաջիկա 15-25 տարվա ընթացքում ԱՄՆ-ը միանգամայն հավանական է համարում աշխարհում մինչև 30 նոր պետությունների ձևավորումը, ինչը նշանակալի փոփոխությունների կհանգեցնի աշխարհաքաղաքական համաշխարհային իրավիճակում։ Հատկապես Առաջավոր Ասիայում, Մաղրիբում և Հարավարևելյան Ասիայում։ Այս դոկտրինը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել ԱՄՆ-ի գործընկեր նորանկախ պետությունների դիրքերը, այլև ընդլայնել նրանց կախվածությունը Վաշինգտոնից, քանի որ նոր ստեղծվող պետությունները չեն կարող ինքնուրույն հանդես գալ որպես լիարժեք սուբյեկտներ։ Օրինակ, եթե Վրաստանը չկարողանա դառնալ որոշակի ուղղություններով արդյունավետ գործընկեր ԱՄՆ-ի և Եվրամիության համար, ապա այդ գործառույթները կարող է կատարել, ասենք, Աբխազիան։
Արդեն 2002-ի աշնանը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի համապատասխան բաժնում կային բավական մանրամասն քաղաքական և աշխարհագրական քարտեզներ, ուր արտահայտված էին ՈՒկրաինայի, Բոսնիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Ալժիրի, Մարոկկոյի, Բիրմայի, Հնդկաստանի, Պակիստանի, Թաիլանդի, Ինդոնեզիայի տարածքային բաժանումները։ Կարելի է ենթադրել, որ այդ նախագծերում արտահայտված էին ոչ միայն էթնիկական տարածաշրջանային խնդիրները, այլև մատնանշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջին քայլերը։ Կոսովյան նախադեպը միանգամայն արդարացիորեն ներկայացվում է իբրև բացառիկ երևույթ, որովհետև այդպիսին են եղել իրական պայմանները, հատկապես եթե նկատի ունենանք ՆԱՏՕ-ի զինված ուժերի տեղակայումը։ Այն տարածաշրջաններում, որտեղ այդ հանգամանքը նույնպես կլինի առաջնային, տեղի կունենա կամ էթնիկ խմբերի ենթակայացում նախկին մետրոպոլիային, կա՛մ նրանց անկախացում՝ նոր պետությունների ստեղծման ձևով, ինչը, բնականաբար, պայմանավորված կլինի ամերիկյան շահերով։ Ամենայն հավանականությամբ, որոշ պատճառներից ելնելով, Վաշինգտոնը մինչև 2006 թվականը պատրաստ չէր այս դոկտրինի իրագործմանը, ինչն այսօր իրականացվում է ամբողջ ծավալով։ Թերևս, նախկին մոտեցումները համարվել են անարդյունավետ։ Բացի այդ, հաշվի առնելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության որոշակի ժառանգականությունը, դեմոկրատական կուսակցության իշխանության գալու դեպքում, այս դոկտրինի կիրառումը կարող է դառնալ կարևոր գործոն նոր պետությունների անկախացման համար։ Մանավանդ որ այդ կուսակցությունն այսօր դավանում է ձախ կամ ձախ-լիբերալ հայացքներ։ Արտաքին քաղաքական առումով այդ գաղափարները, որոնք առկա են դեմոկրատների զինանոցում, համադրվում են նեոպահպանողական խմբավորումների գաղափարների հետ, որքան էլ դա տարօրինակ թվա։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կանգնած է նոր, հրապարակային աշխարհաքաղաքական դոկտրինի ընդունման անհրաժեշտության առջև։ Հնարավոր է, որ այն ձևավորվի ոչ թե բուն ԱՄՆ-ում, այլ բրիտանական քաղաքագիտական դպրոցի ազդեցության տակ գտնվող արևելաեվրոպացիների կողմից։
Ելնելով այս նախադրյալներից, կարելի է որոշ ենթադրություններ անել ԱՄՆ-ի իրական դիրքորոշման մասին՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հետ։ Նախկինում ենթադրվում էր, որ աշխարհում գոյություն ունեն նորանկախ կամ ինքնահռչակ պետությունների միջազգային ճանաչումը հովանավորող երկու հիմնական բևեռներ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Այսինքն՝ երկու պետություններ, որոնք շահագրգռված են համաշխարհային և լոկալ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների փոփոխությամբ կամ սրբագրմամբ։ Բայց որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո հասկանալի դարձավ, որ իրականում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները սկզբունքորեն խիստ տարբեր են։ Իրականում նոր պետությունների անկախության ճանաչման հարցում գոյություն ունի միայն մի բևեռ. դա ԱՄՆ-ն է, որը մտադիր է այդպիսով փոխել աշխարհաքաղաքական հարաբերակցությունն աշխարհում։ Ստեղծված աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, որ ձևավորվել է բրիտանական գաղութային համակարգի փլուզումից հետո, այլևս ձեռնտու չէ ԱՄՆ-ին, և Վաշինգտոնը փորձելու է կատարել գոյություն ունեցող սահմանների վերաձևում, ինչպես նաև քաղաքական-էթնիկական ինքնորոշման սկզբունքների վերանայում։ Մի քանի տասնամյակ Մեծ Բրիտանիան հաջողությամբ կարողանում է համոզել ԱՄՆ-ին, որ ստեղծված կոնֆիգուրացիան միանգամայն ձեռնտու և համապատասխան է Վաշինգտոնի շահերին, բայց այդ փուլն արդեն անցավ, և ժամանակակից մարտահրավերները պահանջում են կանխարգելիչ քայլեր գերտերության կողմից։ Եթե խոսենք Կոսովոյի անկախության ճանաչումը Եվրոպային պարտադրելու մասին, ապա ոչ հրապարակային կտրվածքով այդ պարտադրանքն ամենից ավելի ցավոտ էր Մեծ Բրիտանիայի համար, չնայած հրապարակայնորեն դրսևորվում էր միասնական դիրքորոշում։ Միաժամանակ հարկ է ընդգծել, որ Մեծ Բրիտանիայում էլ նոր պետությունների անկախության ճանաչման հարցում առկա են նկատելի փոփոխություններ, ընդ որում, այդ տրամադրություններն առկա են ինչպես պահպանողականների, այնպես էլ լիբերալների շարքերում, դրանց շուրջ դրական վերաբերմունք կա վերլուծական հանրության մեջ, համալսարանական և առհասարակ մտավորականության շրջանակներում։ Մեծ Բրիտանիայում շատ լավ հասկանում էին, որ ինքնահռչակ պետությունների անկախության գործընթացի վերահսկելիությունը կամ կառավարելիությունը ոչ միայն բարդ խնդիր է, այլև անհնարին է ժամանակակից աշխարհում։ ՈՒստի բրիտանացիների համար ինչ-որ չափով հանգստացնող հանգամանք է այն, որ էթնիկ տարածաշրջանների անկախացումն ինչ-որ տեղ կարող է վնասել Ռուսաստանին։ ԱՄՆ-ում էլ հասկանում են, որ նոր պետությունների ձևավորման բրիտանական փորձը և տարածքային-քաղաքական բաժանումների այսօրվա գործընթացն անհնար է անտեսել, ուստի նախընտրում են գործել զգուշորեն՝ նկատի ունենալով հենց վերոնշյալ գաղութատիրական կայսրության փորձը։
Միաժամանակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նպատակներն այս համատեքստում սկզբունքային տարբերություններ ունեն։ Ռուսաստանը, իբրև բազմազգ և բազմակրոն պետություն, հիմնավոր հետաքրքրություններ չունի նոր պետությունների անկախացման և նրանց ճանաչման հարցում։ ՈՒշադիր դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանի պահվածքը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված, ավելի քան ցինիկ և ծաղրանկարային բնույթ ունի։ Բայց ավելի կարևոր և բնութագրական է այն, որ Ռուսաստանի քաղաքականությունը կոնյունկտուրային է, հաշվարկված շատ մոտավոր հեռանկարի կտրվածքով։ Եվ խնդիրն այն չէ, որ Ռուսաստանն իրենով է արել Աբխազիան կամ Հարավային Օսիան կամ էլ իսկապես նրանց տրամադրել է անկախություն։ Այդ ամենն արվել է ոչ այդ նպատակներից ելնելով, այլ նոր գեոռազմավարական հենարաններ ձեռք բերելու նպատակով։ Այսինքն՝ Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե այդ երկրների անկախացմամբ, այլ պետական սահմանների փոփոխությամբ։ Այս սկզբունքները և մայրցամաքային տերության գործունեության քաղաքական ոճը ցույց են տալիս, որ նա չի էլ ենթադրում, թե իր գործընկերները կարող են որոշակի ինքնուրույնություն ունենալ։ Իհարկե, այսպես թե այնպես, ԱՄՆ-ի համար էլ կարևոր են աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, բայց եթե խոսենք անկախությունների ճանաչման մասին, ապա միայն ԱՄՆ-ն է հանդիսանում այդ գործընթացի նախաձեռնողը, և դա գնալով ձեռք է բերում ավելի խորքային նշանակություն։ Իսկ Ռուսաստանը հանդիսանում է ոչ թե նախաձեռնող, այլ այդ գործընթացի սպառող։ Ընդ որում, Միացյալ Նահանգները հաճույքով համաձայնել է Ռուսաստանի այդպիսի դերակատարությանը՝ շատ ճիշտ հաշվարկելով, որ Ռուսաստանն ու Եվրոպան չեն կարող հանգել խորքային պայմանավորվածությունների և ստիպված կլինեն մակերեսային քաղաքական խաղ սկսել։ Վերջնահաշվում Ռուսաստանն ինքնահռչակ պետությունների անկախացման հարցում աջակցություն ստանալու նպատակով, միևնույն է, հարկադրված է լինելու դիմել Վաշինգտոնին։
Արդեն վաղուց աքսիոմա է, որ Վրաստանն ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ թե իբրև երկիր, այլ իբրև նավթագազային խողովակների մայրուղի։ Վաշինգտոնի «Նիքսոն» կենտրոնի տնօրեն Դմիտրի Սայմսն այս կապակցությամբ վաղուց է կարծիք հայտնել, որ եթե Վրաստանը հրաժարվի Աբխազիայից և Հարավային Օսիայից՝ պահպանելով լոյալությունն ԱՄՆ-ի նկատմամբ, Վաշինգտոնում դրա դեմ ոչ ոք չի առարկի։ Դա այնքան ակնհայտ էր, որ, ի վերջո, հասկանալի դարձավ նաև Վրաստանի ղեկավարությանը, որն անհույս փորձ ձեռնարկեց իրավիճակը փոխելու առումով՝ կամավոր ընդունելով Վաշինգտոնի մարգինալ քաղաքական գործիչների առաջարկած անիրատեսական սցենարը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, այսինքն՝ նրանց փաստացի այլ կորպորացիայի մեջ մտնելն ԱՄՆ-ի համար ուղղակի գյուտ էր և երկակի դրությունից դուրս գալու ելք։ Քանի որ դրանով իրենք այլևս պատասխանատու չէին դառնում այդ գործընթացի համար և ազատվում էին «ռազմավարական գործընկեր» Վրաստանի նկատմամբ որևէ պարտավորությունից, ինչպես նաև միջազգային հանրությանը, առաջին հերթին եվրոպական գործընկերներին բացատրություն տալու անհրաժեշտությունից, որ էթնիկ տարածքների անկախացումը ժամանակակից պատմական փուլի գլխավոր մարտահրավերներից մեկն է, և այդ մարտահրավերի պատասխանը որքան շուտ գտնվի, այնքան ավելի լավ։ Այսինքն, Կոսովոյի սկզբունքը հիմք ընդունելով՝ անկախացման գործընթացներ հրահրել վերևից, քան սպասել, որ այդ գործընթացը սկսվի ներքևից։ Ինչ-որ չափով այս մոտեցումն ընդունելի է և անհրաժեշտ նաև Ռուսաստանի շահերի պաշտպանության համար, և ողջ հակասությունն աշխարհաքաղաքական նպատակների ու շահերի տարբերությունն է։
Այսօր ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում ստեղծվել է իդեալական իրավիճակ։ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները, որոնց լուծումը վեր էր ԱՄՆ-ի ուժերից, լուծում ստացան առանց Վաշինգտոնի հատուկ ջանքերի։ Ստեղծվել են բոլոր օրինական հիմքերը՝ ամրապնդելու և ուժեղացնելու ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը սևծովյան-կովկասյան տարածաշրջանում։ Դրա ենթատեքստում առաջանում են ավելի սկզբունքային և գլոբալ խնդիրներ՝ ՆԱՏՕ-ի դերը արևելյան Եվրոպայում և Եվրասիայում առհասարակ անտեսելու առումով։ Սևծովյան-կովկասյան նախագիծն ԱՄՆ-ի համար ոչ թե սոսկ փորձ է միմյանցից բաժանելու Ռուսաստանը, Եվրոպան և Թուրքիան` ստեղծելով բարձր լարվածության «եռանկյունի», այլև ապահովելու ԱՄՆ-ի գործողությունների օրինականությունը՝ առանց եվրոպական գործընկերների աջակցության։ Եվրամիության մասնակցությունը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային հասնելու նրան, ինչին ձգտում են բազմաթիվ տարիներ։ Այն է՝ Ռուսաստանից ստանալ երաշխիքներ Հարավային Կովկասով անցնող էներգետիկ խողովակաշարերի անխափան կենսագործունեության համար։ Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, և ապրելը հեշտացել է ոչ միայն աշխարհաքաղաքական սուբյեկտների, այլև նույնիսկ ոչ օբյեկտների համար։ Այս պայմաններում ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը շահագրգիռ են մեկ բանում` արագ մոռանալ աբխազական և հարավօսական պրոբլեմները։ Վրաստանի ղեկավարության պահվածքը վերջին շաբաթներին առաջացնում է ենթադրություններ, որ այդ տարածքների կորստի դիմաց Վրաստանը ձեռք կբերի Եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հեռանկար և լուրջ տնտեսական օժանդակություն։ Բացի այդ, Սերգեյ Լավրովի և Քոնդոլիզա Ռայսի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ Ռուսաստանն այլևս չի շեշտադրելու օսերի նկատմամբ ցեղասպանության թեզը՝ որոշ զիջումների դիմաց։ Որովհետև Վրաստանին ռազմական օժանդակություն ցուցաբերող երկրների, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար նման մեղադրանքը իսկական մղձավանջ կլիներ։ Բայց այս հարցը թերևս կարգավորվել է։ Մնում է ապագայի նկատմամբ կողմերի հայեցակետերի համաձայնությունը, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև միանգամայն հնարավոր է պայմանավորվածություն Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի հետ վերջնականապես ինտեգրացվելու շուրջ։ Դրա դիմաց Մոսկվայի կողմից կլինեն զիջումներ, մասնավորապես Հարավային Ամերիկայում։ Այսպիսով, Ռուսաստանը շատ բան ձեռք բերեց, սակայն նախապես կորցրեց մանևրելու հնարավորությունն այլ ուղղություններով։ Եվ դա առաջացնում է շատ պարզ հարց. ո՞ւմ սցենարն իրագործվեց օգոստոսի 7-ին Հարավային Կովկասում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4953

Մեկնաբանություններ